«ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԵՆ, ՈՐ ՆԱ ՉԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ՆԱ ԲԱՐԻՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ ՉԷ` ՉԱՐԵՐԻ ԴԵՄ, ՈՉ ԷԼ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ` ԱՆՀԱՎԱՏՆԵՐԻ ԴԵՄ»
Աթեիստ ՄԱՐԳԱՆԻՏ ԼԱՍԿԻԻ և քրիստոնյա միտրոպոլիտ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿՈՒ երկխոսությունը
5 հուլիսի 1970 թ., Լոնդոն
Մ. ԼԱՍԿԻ -Դուք հավատում եք Աստծուն ու համարում, որ դա լավ է ու ճիշտ։ Ես չեմ հավատում Աստծուն և համարում եմ դա ճիշտ և լավ։ Դուք էլ, ես էլ թեթևամիտ չենք, և եկել ենք մեր եզրակացությանը հնարավորինս լրջախոհ։ Կան ինձ նման բազմաթիվ մարդիկ ու, հնարավոր է, ավելի բազմաքանակ` Ձեզ նման։ Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ հիմնական տարբերությունը։
ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ -Ճիշտն ասած, ես չունեմ բացատրություն, սակայն թվում է, թե «հավատ» բառը սխալ պատկերացում է ստեղծում ինչ-որ կամայական բանի, որը մենք կարող ենք ընտրել կամ չընտրել։ Իմ մեջ շատ հաստատուն է այն միտքը, որ ես հավատում եմ, քանի որ գիտեմ, որ Աստված կա, և ինձ համար հանելուկ է, թե ինչպես Դուք չգիտեք այդ մասին։
Մ. Լ. -Դա ինձ հուշում է մյուս հարցը, որն ուզում եմ Ձեզ տալ, հավատի վերաբերյալ։ Գիտեմ, որ հավատքը քրիստոնեական առաքինություններից մեկն է, բայց իմ պատկերացմամբ, դա ավելի շուտ արատ է, և ես չեմ հասկանում` նա Ձեր ինչի՞ն է պետք։ Դուք ասում եք. «Ես գիտեմ, որ Աստված կա», ու այդպես ասում են շատ մարդիկ, հենվելով տարբեր փաստերի վրա` կամ որ ճանաչել են Աստծուն կյանքի ինչ-որ փորձառության միջոցով, կամ որ տեսնում են Աստծո ներկայությունը տիեզերքում։ Բայց եթե Դուք գիտեք, ապա Ձեզ հարկավոր չէ հավատ։ Իսկ եթե չգիտեք, ապա ինձ համար, իբրև անհավատի, չիմացությունը հավատով փոխարինելը մարդու ամենահիմնական հատկություններից մեկի մերժումն է։ Կարծում եմ, եթե մի բան չգիտես, հարկավոր է ձգտել հետագայում գիտենալ կամ ասել «չգիտեմ»։ Իսկ եթե գիտեք, որ Աստված կա, էլ ինչո՞ւ է պետք հավատը համարել առաքինություն։
Մ. Ա. -Խնդիրն այն է, թե ինչպես ենք սահմանում հավատը։ Հիշում եմ մի բավականին սրամիտ սահմանում. հավատը մեծահասակ մարդկանց ընդունակությունն է հաստատելու ինչ-որ բանի իսկությունը, ինչի մասին նրանք ստույգ գիտեն, որ այն ճշմարիտ չէ։
Մ. Լ. -Ի՜նչ հաճելի է...
Մ. Ա. -Եթե հավատքը դա է, վախենամ, որ այդպիսի հավատ չունեմ։ Կարծում եմ, հավատն ավելի լավ սահմանվում է Պողոս առաքյալի խոսքերով, որ հավատը չերևացող բաների ապացույցն է (Եբր. 11,1)։ Եթե խոսենք իմ կամ այլ մարդկանց մասին, մենք, իհարկե, սկսել ենք կատարելապես համոզիչ փորձից, ապրումից։ Ինչ-որ պահի այդ փորձառությունը հեռացավ, ինչպես լինում է ամեն մի սիրո, խնդության, վշտի ապրումի հետ։ Գալիս է պահը, երբ ապրումն արդեն չկա, բայց մնացել է լիակատար համոզվածությունը, որ նա եղել է։ Ահա հենց այստեղ էլ սկսվում է հավատը։ Բայց հավատ չի նշանակում դյուրահավատություն, այն նշանակում է, որ պահպանվում է համոզվածությունն ինչ-որ մի բանում, որը մեր այժմյան փորձառությունը և ապրումը չէ։
Մ. Լ. -Եթե Դուք օգտագործում եք «հավատ» բառը, դա ենթադրում է, որ Դուք պահպանում եք հավատը հնարավոր կասկածի առաջ։ Բայց եթե Դուք չունեք վստահություն, կասկածը տեղի պիտի չունենա, այնպես որ, կներեք, բայց ես չեմ տեսնում` ինչի՞ է պետք հավատը, մի՞թե վստահությունը բավական չէ։
Մ. Ա. -Ինչ-որ իմաստով մենք նույն դրության մեջ ենք։ Դուք վստահ եք, որ Աստված չկա, ինչը որոշ իմաստով հավատքի արձանագրություն է, քանի որ Դուք էլ կարող եք բերել նույնքան քիչ արտաքին ապացույցներ, որքան և ես։
Մ. Լ. -Արդյոք հնարավոր չէ՞ ասել, որ կա ֆունդամենտալ տարբերություն մտածողության կամ աներևույթի խնդիրների մոտեցման մեջ։ Արդյոք մարդու խառնվածքով չի՞ պայմանավորված այն, որ նա գերադասում է վստահ լինել աներևույթի գոյությանը կամ խուսափում է անտեսանելի բաների մասին կարծիք հայտնելուց։
Մ. Ա. -Ես դրանում համոզված չեմ։ Կարծում եմ, որ իմ վերաբերմունքն իրերի նկատմամբ ձևավորվում է մեծ մասամբ այն դաստիարակությամբ, որը ստացել եմ։ Ես ստացել եմ գիտական կրթություն, և արդարացի է դա, թե ոչ, ամեն ինչին վերաբերվում եմ գիտականորեն։ Բայց, օրինակ, այն, ինչը վերաբերում է հավատին, ես սկսեցի ինչ-որ բանից, որը թվում էր համոզիչ` փորձնական ապրումն այն բանի, որ Աստված գոյություն ունի։ Կասկածը չի նշանակում, թե հարցականի տակ է դրվում այդ հիմնական փորձը. հարցականի տակ են դրվում իմ հետևությունները։ Այդ իմաստով հավատացյալի տարակուսանքը պիտի լինի նույնքան արարչագործ, նույնքան ուրախ, այնքան համակարգված, որքան գիտնականի կասկածը, որը, հայտնաբերելով փաստերը (որոնք ինչ-որ չափով համոզում են նրան ինչ-որ բանում), սկսում է թերություններ փնտրել իր կառուցումների մեջ, փնտրել է իր համակարգի սխալը, կամ փնտրել նոր փաստեր, որոնք կհերքեն տիեզերքի իր մոդելը։
Մ. Լ. -Բայց պահը, երբ, ինչպես իրեն է թվում, նա հայտնաբերում է տիեզերքի նոր պատկերը, նույնքան համոզիչ է, անկախ նրանից, կլինի՞ արդյոք այդ պատկերը քննարկումից հետո ճիշտ կամ սխալ։ Գիտնականը, անկասկած, գնահատում է զգացմունքը, որը համակում է իրեն նոր հայտնագործման պահին, բայց նա չի համարում այդ զգացումը, ինչպես Դուք եք ասում, իր իրավացի լինելու հաստատումը, նա կշարունակի ստուգել նորից ու նորից։ Բայց ճաշակելով զգացումը, իբր Աստված կա, մի՞թե Դուք դա համոզիչ ապացույց կհամարեք, թե Աստված գոյություն ունի։
Մ. Ա. -Դա ոչ միայն զգացումների խնդիր է։ Ես չեմ համարում, որ կարելի է հակառակ ակնհայտ փաստին կառչել անմիտ կամ միանգամայն անհեթեթ զգացմունքից։ Բայց ես կասեի, օրինակ, եթե այս իսկ պահին հավատքից տեղափոխվենք այլ ոլորտներ, ասենք` երաժշտության, ապա գիտնականի տեսակետից երաժշտական ստեղծագործությունը կարելի է վերածել ուղիղ գծերի, փոխադրել մաթեմատիկական բանաձևերի։ Բայց արդյունքը թույլ չի տա դատել` գեղեցի՞կ է արդյոք այդ երաժշտությունը, թե՞ դա միայն անկարգ աղմուկ է։ Միայն այն ժամանակ, երբ Դուք լսում եք, կարող եք ասել, որ դա երաժշտություն է, ոչ թե պարզապես աղմուկ։
Մ. Լ. -Այո, իհարկե, և ես թանկ կվճարեի հասկանալու համար` ինչո՞ւ են լավ երաժշտությունը, լավ պոեզիան, լավ արվեստն այդպես ազդում մեզ վրա, ես լիովին ընդունում եմ, որ Աստծո հետ հանդիպման զգացումը վերաբերում է նույն այդ ոլորտին։ Իմ ամբողջ աթեիզմով հանդերձ, ես չեմ էլ փորձի կասկածի տակ դնել այն, որ եկեղեցիները, սինագոգները, մզկիթները դարերի ընթացքում ձեռք են բերել խոր գիտելիքներ մարդկային բնության, մարդկային մտածողության, մարդու ֆիզիկական ռեակցիաների մասին։ Դուք ինքներդ շատ եք խոսել ներքին աղոթքի մասին, և նույնիսկ նախքան Ձեր գրքերը կարդալը, ես շատ եմ հետաքրքրվել այդ թեմաներով, որովհետև ինձ համար պարզ էր, որ դա է արդյունքի բերում, այսինքն` մարդիկ, ովքեր զբաղվում են հայեցական աղոթքով, օգուտ են ստանում դրանից։ Ես վերջերս շատ եռանդորեն կատարել եմ այդպիսի փորձեր, որովհետև տառապել եմ ողնաշարի ցավերից, իսկ ցավազրկող դեղեր չեմ սիրում։ Ինձ թվում էր, որ հայեցական աղոթքը, ինչպես գրում է սուրբ Գրիգոր Երկխոսը, օրինակ` Տերունական Աղոթքի մասին խորհրդածումը, կարող է թեթևացնել տառապանքը։ Այդպես էլ եղավ։ Ես ընդունում եմ, որ եկեղեցին գտել է մտային հնարքներ, որոնք բուժիչ հատկություններ ունեն` նրանք բարերար են։ Բայց թվում է, որ աղոթելու փորձառությունը, ինչպես և այլ զգացումները, որոնք կոչվում են կրոնական, եկեղեցին, այսպես ասած, պահում է իր համար, ասելով, որ այդ զգացումները պատկանում են մեզ, որ նրանք տանում են Աստծո մոտ։ Ես չեմ պնդում, թե այն, ինչը ես ճաշակել եմ, կարող է համեմատվել վանականի փորձառության հետ, որն ունի աղոթքի պրակտիկայի հմտություն, բայց մի՞թե Դուք չեք սեփականացնում տարբեր հնարքները և ապրելակերպը, որոնք կարող էին պետքական լինել բոլոր մարդկանց, Դուք արդյոք չե՞ք տալիս դրանց այնպիսի բացատրություններ, որոնք անընդունելի են աթեիստների համար։ Իսկ այդ պրակտիկան կարող էր պետք գալ մարդկությանը հիմա ավելի շատ, քան երբևէ։ Հիմա, երբ այդքան հեշտությամբ են դիմում ցավազրկող դեղերի օգնությանը։
Մ. Ա. -Ինչ վերաբերում է հնարքներին ու մեթոդներին, միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ ու կբերեմ մի օրինակ, որը, այսպես ասած, ջուր կլցնի Ձեր ջրաղացին. մի խումբ թմրամոլներ պատահմամբ կարդացել են XIV դարի անանուն հեղինակի միստիկ տրակտատը և դիմել քահանային (դա ես չեմ եղել). «Մենք հայտնաբերել ենք այն, ինչը փնտրում ենք, և դա հնարավորություն է տալիս արդյունքի հասնել շատ ավելի էժան ճանապարհով, քան թմրամիջոցները»։
Մ. Լ. -ՈՒ դա կլիներ շատ ավելի առողջ եղանակով...
Մ. Ա. -Անկասկած։ ՈՒ հիմա էլ կան բազում օրինակներ, ասենք, ինչպես են թմրամոլները հայեցության միջոցով հասնում այն բանին, ինչը նրանք փնտրում են թմրադեղերի մեջ, և դրանցից հեռանում ուրիշ ոլորտ։ Ինչ վերաբերում է հնարքներին, ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, որովհետև հնարքները հիմնված են համամարդկային հատկությունների վրա։
Մ. Լ. -Ենթադրենք, որ ես (դա կարող է պատահել ամեն մի անհավատի հետ) հանկարծ վերապրեմ այնպիսի մի բան, որը Դուք նկարագրում եք որպես համոզվածություն, որ Աստված կա՛։ Ընդ որում, դա կարող է լինել առանց որևէ կրոնական ենթատեքստի։ Ասենք, ես, Իգնատիոս Լոյոլայի նման, այդ պահին նստած կլինեմ գետի ափին։ Ես դաստիարակվել եմ հուդայական միջավայրում, ապրում եմ Անգլիայում, որը, այսպես ասած, հարյուր կրոնների երկիր է, ինչպիսի՞ն արդյոք կարող է լինել եզրակացությունն այս ամենից։ Ես հասկանում եմ, որ ավելի խելամիտ կլիներ հարել որևէ կրոնի` չընկնելու համար ինքնազմայլված մարդու վիճակի մեջ, որին թվում է, թե ինքն ուղղակի կապի մեջ է Աստծո հետ, բայց ինչպե՞ս այդ փորձը կարող է ինձ հանգեցնել այն մտքին, թե ես հանդիպել եմ քրիստոնեական կամ հուդայական և կամ մուսուլմանական Աստծո հետ։ Ի՞նչ է Նա ցանկանում. որ ես ընդունեմ մեթոդականությո՞ւն, ուղղափառությո՞ւն կամ անգլիկանությո՞ւն։ Ի՞նչը կարող է նման փորձից հետո ստիպել մարդուն կատարելու հաջորդ քայլը։
Մ. Ա. -Այնուհետև կլինեն աստիճանական քայլեր։ Եթե Դուք զգացական փորձառությամբ հանդիպել եք Աստծուն, իսկ ես համոզված եմ, որ կարելի է զգալ Աստծուն որևէ նախնական կրոնական ենթատեքստից կամ դաստիարակությունից դուրս, ապա Դուք, հնարավոր է, կհայտնաբերեք, որ Աստված կա, դա անմիջական նշանակություն ունի Ձեր վերաբերմունքի համար ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմամբ։
Մ. Լ. -Խնդրում եմ բացատրեք. ես կուզեի դա հասկանալ։
Մ. Ա. -Սիրով։ Իմ մանկության փորձառությունն ասում էր, որ կյանքը դաժան է, կոպիտ, անգութ, որ մարդը մարդու հանդեպ գայլ է և տառապանքի պատճառ, որ շատ քչերը` ամենամերձավորները, որոնք համախմբված են, վտանգավոր չեն Ձեզ համար։ Կենդանի մնալու համար հարկավոր է պայքարել, հաղթել, իսկ հաղթող լինելու համար պետք է հակահարված տալ ինչքան ուժ ունես։
Մ. Լ. -Մի՞թե Ձեր վիճակն իսկապես այդպիսին է եղել։
Մ. Ա. -Այդպիսին էր իմ փորձառությունը դպրոցում, քաղաքի խուլ անկյուններում (ոչ թե Ռուսաստանում, այլ արտասահմանում)։ Իսկ երբ գտա Աստծուն, առաջինը, որ ապշեցրեց ինձ, այն էր, որ այդ Աստծո համար բոլորը նշանակալից են, որ Նա չի դասակարգում մարդկանց, որ Նա բարիների Աստվածը չէ` չարերի դեմ, ոչ էլ հավատացյալների Աստվածը` անհավատների դեմ, ոչ էլ ոմանց Աստվածը` մյուսների դեմ։ Յուրաքանչյուր մարդ ինքն իր համար անձնավորություն է, որը լի է բովանդակությամբ և արժեքներով։ ՈՒ քանի որ ես հայտնաբերել էի այդպիսի Աստծուն, իմ վերաբերմունքն իմ շրջապատի նկատմամբ պետք է դառնար նույնպիսին։ Նայում էի շուրջս ու էլ չէի տեսնում ատելի, զզվելի արարածներին, այլ մարդկանց, որոնք գտնվում են Իր հետ հարաբերակցության մեջ ու որոնց հետ ես կարող եմ մտնել նոր հարաբերությունների մեջ, եթե հավատում եմ նրանց այնպես, ինչպես նրանց հավատում է Աստված։
Մ. Լ. -Բայց փաստերը ցույց են տալիս, որ անհավատներն էլ, չդիմելով Աստծուն, կարող են զգալ հարգալից, գթասիրտ սեր ամեն մի արարածի նկատմամբ։ Այնքան էլ լավ սոցիալիստ չեմ, բայց կարծում եմ, որ իսկական սոցիալիստները զգում են նույնը։ Ամեն մարդու արժեքը զգալու համար Աստված պետք չէ։
Մ. Ա. -Ոչ, ես նկատի չունեի, թե դա անհրաժեշտ է։ Ես կասեի այսպես` մարդ լինելու, այնքան ցածր չլինելու համար, որքան ես էի իջել, պարտադիր չէ իմանալ, որ Աստված կա։ Կավելացնեի նաև, որ Աստված կարիք չունի, որպեսզի մենք իմանանք, որ Նա կա. Նա առանց դրա էլ կա։ Ինձ համար Աստծո խնդիրը հետևյալն է. ես Նրա պահանջը չունեմ, որպեսզի ունենամ աշխարհայացք։ Ես հայտնաբերեցի, որ Նա կա, ու էլ ոչինչ չեմ կարող անել դրա հետ, ճիշտ այնպես, երբ հայտնաբերում էի գիտական փաստերը։ Ինձ համար Նա փաստ է, ու այդ պատճառով Նա ունի նշանակություն, Նա դեր է խաղում ճիշտ այնպես, երբ հայտնաբերում ես ինչ-որ մարդու գոյությունը` կյանքը փոխվում է նախորդ պահի համեմատությամբ։
Մ. Լ. -Կարելի՞ է խնդրել Ձեզ ճշտել ինչ-որ բաներ։ Հիմա ես կարտահայտեմ վիճելի կարծիք, բայց նա ինձ ծանրակշիռ է թվում։ Վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում` այն ժամանակվանից, ինչ գիտությունն ազատվեց եկեղեցու կապանքներից, նա կտրուկ կերպով առաջ ընթացավ, այնպես որ համընդհանուր է դարձել այն կարծիքը, որ մեր տեխնիկական, գիտական գիտելիքներն առաջ են անցել մեր բարոյական զարգացումից։ Մյուս կողմից, եկեղեցին ուներ երկու հազար տարի, որպեսզի զարգացներ մեր բարոյականությունը, եթե այդպիսին է եկեղեցու ֆունկցիաներից մեկը։ Բայց Դուք ասացիք, որ կարելի է գալ ռեալ անձնավորության հարգալից ճանաչման։ Դա առաջ է բերում, իմ կարծիքով, որոշակի վերաբերմունք մարդու նկատմամբ, որը հավատի և բարոյականության օղակ է։ Արդյո՞ք պարտադիր է կապը հավատքի և բարոյականության միջև։ Ինչպիսի՞ն է նա։ Եվ քանի որ եկեղեցին երկու հազար տարվա ընթացքում, ասես, չի դարձրել մեզ ավելի լավ, ավելի շուտ ես կասեի, որ վերջին երկու հազար տարվա ընթացքում աշխարհակիրթ միտքն ավելի շատ է աջակցել մեր կատարելագործմանը, կարելի՞ է ասել, որ եկեղեցին կատարել է իր դերը։ ՈՒրիշ խոսքերով, ինչքանո՞վ է բարոյականությունը սկիզբ առնում հավատքից առ Աստված։ Ինչո՞ւ եկեղեցին հաջողություն չի ունեցել, չի դարձրել մեզ բարձր բարոյականության տեր էակներ։
Մ. Ա. -Ես միանգամայն համոզված եմ, որ հավատքին պիտի հետևի բարոյականությունը, որովհետև եթե մենք համարում ենք, որ աշխարհը կառուցված է մեծագույն սկզբունքների ինչ-որ քանակի շուրջ, դա պետք է անդրադառնա մեր գործելակերպի վրա։
Մ. Լ. - Որո՞նք են այդ մեծ սկզբունքները։
Մ. Ա. - Ասենք, սեր... Սեր, արդարություն։
Մ. Լ. -Որովհետև, Ձեր պատկերացմամբ, Աստված Էակ է, Որը լի է արդարությամբ և սիրո՞վ։
Մ. Ա. - Թույլ տվեք ինձ սահմանափակվել Ավետարանով. դա ավելի հեշտ կլինի, քան եթե փորձենք ընդգրկել ավելի լայնածավալ ոլորտ։ Ամբողջ Ավետարանը քարոզում է միմիայն սեր։ Այն փաստը, որ մենք չենք ապրում նրա տված մակարդակով, դատապարտում է մեզ, բայց չի զրկում Ավետարանն իսկությունից։ Ես պատրաստ եմ խոստովանելու, որ և՛ անձամբ, և՛ խմբովին մենք շատ հեռու ենք այդ իդեալից։ Ես այնքան էլ համոզված չեմ այն բանում, որ Դուք ասացիք աշխարհիկ մտածողության վերաբերյալ, որովհետև ինձ թվում է, թե, համենայն դեպս, արևմտաեվրոպական մտածողությունը խորապես համակված է Ավետարանով։
Մ. Լ. -Միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ։ Միայն ուզում եմ ասել, որ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում այդ սկզբունքները, փաստորեն, անցել են կրոնից աշխարհիկ ձեռքեր, ու քանի որ այդ ժամանակաշրջանում կատարվել է (ինչպես ինձ է թվում) մեծ բարոյական թռիչք դեպի առաջ, ապա շնորհակալ լինել դրա համար պետք չէ` ո՛չ եկեղեցիներին, ո՛չ էլ սինագոգներին։
Մ. Ա. -Այո՛, և ինձ միշտ զարմացրել է հավատացյալների այդ ողորմելի միտումը` փախչել դժվարություններից ու կյանքի խնդիրներից դեպի, այսպես ասած, «բարեպաշտություն»։
Մ. Լ. -Շատ ուրախ եմ, որ Դուք հիշատակեցիք դա։
Մ. Ա. -Մարդիկ հեռանում են անպատասխանատու աղոթքի աշխարհ, և դա պատճառներից մեկն է, թե ինչու մենք չկարողացանք իրագործել մեր կոչումը։
Մ. Լ. -Մյուս պատճառը, ըստ իս, այն է, որ և՛ Դուք, և՛ աշխարհիկ բարերարներն ընկալում եք աշխարհը, հատկապես այսօրվա քաղաքի աշխարհը, այնպես, թե իբր դա դժոխք է, դիվանոց, ինչից անհրաժեշտ է խուսափել։ Կրոնի մեջ չկա խնդություն` նրա միջից հեռացել է դրական գոհունակության զգացումը։
Մ. Ա. -Ձեր ասածի մեջ կա ճշմարտություն։ Բայց եթե գիտակցում եք կյանքի ողբերգությունը, Դուք արդեն չեք կարող անզսպորեն վայելել կյանքը։ Իսկ ուրախությունն այլ բան է։ Կարելի է ունենալ ներքին խնդության և հոգևոր վերելքի զգացում, բայց ինձ թվում է, որ շատ ծանր է վայելել կյանքի արտաքին դրսևորումները, աչքաթող չանելով, որ այդքան ու այդքան մարդիկ են տառապում։ Երբ ես ապրուստ էի վաստակում բժշկական պրակտիկայով, մենք մորս հետ որոշում ընդունեցինք երբեք չծախսել մեզ վրա ավելի շատ, քան պահանջվում էր ապաստանի և ուտելիքի համար, քանզի մենք համարում էինք (ես մինչև հիմա էլ այդպես եմ մտածում), որ դրանից ավելի ծախսածը գողացված է ինչ-որ մեկից, ում կարիքն ավելի շատ է, քան մերը։ Դա չի դառնացնում գոյությունը, դա բերում է ուրախություն` կիսվելու, տալու և ընդունելու։ Բայց ես գիտեմ` քանի դեռ կա գոնե մեկ սովյալ, ուրախության, հարմարավետության առատությունն արդեն գողություն է։
Մ. Լ. -Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ողբերգականություն այնքան մոտ է, վտանգն այնքան հավանական, որ երբ տեսնում եմ մարդկանց, ասենք` լողափում երջանկության այնպիսի լիառատության մեջ, որ մտածում ես` ի՛նչ լա՜վ է, ահա խնդության պահը, որը չի կարող վատ լինել։
Մ. Ա. -Ես չէի ասի, թե դա վատ է։ Ինձ թվում է, որ այդ պահը կարող էր լինել ավելի խոր ու մշտական։ Ժամանակակից մարդու խնդիրներից մեկը սա է` մենք այնքան շատ բան ունենք, որ չենք կարողանում ուրախանալ փոքրիկ մի բանով։ Օրինակ, այն տարիներին, երբ իմ կյանքը շատ ծանր էր, ամենափոքր ուրախությունը թվում էր հրաշք։ Հիմա իմ հրաշքի մակարդակը բարձրացել է` ինձ հարկավոր է անհամեմատ շատ բան, որ ինձ դա հրաշք թվա։
Մ. Լ. -Այո՛։ Բայց հաճախ մարդիկ նորից հասնում են պարզության առատության միջոցով։ Եվ եթե պահանջները հասցնենք այդպիսի մակարդակի, ապա մի՞թե դա չի դատապարտում մեզ բոլորիս, նաև նրանց, ովքեր այդքան ասկետ (ճգնավոր) չեն։
Մ. Ա. -Մեղավորության զգացումը միշտ վատ է, մեղավորությունն անառողջ վերաբերմունք է կյանքի նկատմամբ։ Այն անօգուտ է։ Այն կործանարար է ու սպանում է հենց այն գիտակցությունը, որ ամեն ինչ հնարավոր է, որ ամեն ինչ կարելի է ուղղել։ Ո՛չ, ես համարում եմ մեղավորության զգացումը վատ, բայց այն կարող է մարտահրավեր լինել ու տանել դեպի ավելի մեծ ուրախություն։
Մ. Լ. -Ես Ձեզ վրա բարդեցի իմ հարցերը, և Դուք շատ մեծահոգի էիք, բայց համոզված եմ, որ չշոշափեցի ինչ-որ կարևոր ոլորտներ, որոնք Դուք կուզեիք հիշատակել։ Գուցե ես Ձեզ հնարավորություն չտվեցի ասելու այն, ինչն իսկապես նշանակալի է Ձեզ համար։
Մ. Ա. -Ո՛չ, կարծում եմ` մեր զրույցը շատ հետաքրքիր էր։ Բոլոր դեպքերում, հնարավոր չէ ընդգրկել ամեն ինչ։ Եթե ասենք Աստծու և ամբողջ կրոնի մասին շատ կարճ` երկու նախադասությամբ, ապա այսպիսին են իմ զգացումները։ Աստված Ինչ-որ Մեկը չէ, ՈՒմ կարիքը ես ունեմ, որպեսզի լցնեմ դատարկությունը։ Ես ստիպված եղա ընդունել Նրան, քանզի կյանքիս փորձը ցույց է տալիս, որ Նա կա, ես չեմ կարող փախչել այդ փաստից։ Եվ երկրորդ` դրանից բխող բարոյական նորմերը պարտականություն չեն Աստծո կամ մարդկանց նկատմամբ (ես չեմ սիրում «պարտականություն» բառը), այլ ձևավորում են արարչագործ խնդությունն առ Աստված, և շնորհակալ լինելը Նրան ու մարդկանց առաջացնում է երկյուղածություն. երկյուղած երկրպագություն Աստծո առաջ, պատկառանքով լի վերաբերմունք մարդկանց նկատմամբ, ակնածանք կյանքի հանդեպ։ Կարծում եմ, որ գործնականում, կյանքում այդ երկյուղածության զգացումը մեծ նշանակություն ունի. այն մեզ թույլ է տալիս լիարժեքորեն աճել։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ